Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Տիրոջ ոտքերի մոտ

Տիրոջ ոտքերի մոտ
21.05.2013 | 00:30

(սկիզբը` այստեղ)

ՄԱՍ II

1. Սերը փորձաքար է, որի միջոցով հասու են դառնում ճշմարտության իսկությանը. դրանով բոլոր մարդիկ կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք: Ես նույնպես օգտվում եմ արդարության սրից: Ոմանք առաջին հայացքից հակված են մտածելու, որ ես Սողոմոնի նման մտադիր եմ իմ գործն ավարտել առանց ողորմության, բայց իմ նպատակը, ինչպես նրանը, սիրո փորձաքարը կիրառելն է, որը վեր կհանի ճշմարտությունը և ցույց կտա, որ դուք այն նույն Սիրո Աստծո զավակներն եք, որն Իր կյանքը տվեց ձերը խնայելու համար: Հետևաբար, պետք է մնաք այդ սիրո մեջ և ծառայեք միմյանց, նույնիսկ ձեր կյանքը տաք՝ ծառայելու ուրիշներին, ինչպես որ ես տվեցի իմ կյանքը ձեզ համար: Ինչպես ես եմ կենդանի, դուք նույնպես կենդանի եք լինելու:
2. Եթե դուք իմ աշակերտներն եք, իսկապես ձեր սիրո ծառայությունը շատ պտուղ կտա: Եվ եթե մարդիկ չարախոսեն ձեզ ու կշտամբանքներ թափեն ձեզ վրա, աղոթե՛ք նրանց համար և պարսավելու փոխարեն թո՛ւյլ տվեք, որ ճաշակեն ձեր սիրո քաղցր պտուղը:
Երբ չարաճճի տղաները քաղցր պտուղ են տեսնում ծառի վրա, քարեր են նետում, իսկ ծառն առանց փնթփնթոցի քարերի փոխարեն նրանց վրա է թափում իր սքանչելի պտուղները: Ծառը քարեր չունի նետելու համար, բայց ինչ Աստված տվել է նրան, նա տալիս է առանց գանգատվելու: Մի՛ վհատվեք վատ վերաբերմունքից, քանզի այն փաստը, որ մարդիկ կշտամբանք են նետում ձեզ վրա, լիակատար վկայությունն է նրա, որ դուք պտղաբեր կյանքով եք ապրում: Թեև նրանք նախանձությունից ու չարությունից են այդպես վարվում ձեզ հետ, բայց այդ ճանապարհով ձեր երկնային Հոր փառքն է հայտնի դառնում: Մի՛ կարծեք, թե Աստված փառքի է տենչում, կամ Նրա փառքի մեջ պակասում է մի բան, որը մարդը կարող է ապահովել: Դա անհնար է: Նրա սիրո նպատակն այդ նվաստ արարածին՝ մարդուն, մեղսանկյալ վիճակից բարձրացնելը և վեր՝ դեպի Իր փառքի դրախտը, տանելն է: Այսպիսով Նա փառքը ոչ թե Իրեն, այլ մարդուն է տալիս՝ սրբելով ու մաքրելով նրան, և սրանում են հայտնի դառնում Նրա սիրո հրաշքն ու վեհությունը:
3. Նրանց, ովքեր իրենց ջանքերով շատերին են մղել շրջվելու մեղքից և արդարություն գտնելու իմ մեջ, ես այնպիսի փառք կտամ, որ նրանք նախ կփայլեն աստղերի նման, իսկ հետո դառնալով կատարյալ՝ արևի նման կշողան իրենց Հոր արքայության մեջ: Աստղերը խամրում և անհետանում են արդարության արեգակի ծագելուն պես, բայց իմ Հոր ցանկությունն է, որ Իր որդիները դառնան Իր նման կատարյալ ու Իր հետ փայլեն հավիտենական փառքի մեջ՝ ընդմիշտ ցնծալով Նրա անեզր և հավերժական սիրո մեջ:
4. Կան փոքրիկ արարածներ, որոնք անհամեմատ ստորադաս են մարդուց, ինչպես լուսատտիկն իր առկայծող լույսով և որոշ փոքր բույսեր Հիմալայների բուսականության մեջ, որոնք մութ ջունգլին, որտեղ ապրում են, իրենց աղոտ շողշողացող փայլով լուսավորում են, որքան կարողանում են: Մանրիկ ձկները նույնպես, որ լողում են օվկիանոսի խոր ջրերում, արձակում են առկայծող լույս, որն ուղղորդում է ուրիշ ձկներին և օգնում խույս տալու իրենց թշնամիներից: Որքա՜ն առավել ևս իմ զավակները պետք է լինեն լույս աշխարհում և եռանդուն լինեն ինքնազոհողության մեջ՝ իրենց աստվածատուր լույսի միջոցով ճշմարտության ճանապարհին կանգնեցնելու նրանց, ովքեր խավարի պատճառով կարող են սատանայի զոհը դառնալ:
5. Եթե այդ երկնառաք կարողությունները նրանք չեն ծառայեցնում Աստծուն և Նրա արարածներին, ապա այդ երկնային նվերները հավիտյան կորցնելու վտանգի մեջ են: Այսպիսի բան պատահել է մութ քարանձավների խոր ջրերում ապրող ձկների հետ, նաև Տիբեթի որոշ ճգնավորների. նրանք այնքան երկար են ապրել խավարի մեջ, որ ամբողջովին կորցրել են իրենց տեսողությունը: Նույն կերպ ջայլամը իր թևերը չօգտագործելու պատճառով ամբողջությամբ կորցրել է թռչելու կարողությունը: Հետևաբար ուշադի՛ր եղեք, որ չարհամարհեք ձեզ վստահված նվերներն ու շնորհները, այլ գործածե՛ք դրանք, որ կարողանաք բաժին ունենալ ձեր Տիրոջ երանության ու փառքի մեջ:
6. Երբեմն, երբ ծառայության ինչ-որ խոշոր գործ պետք է արվի, ես իմ նպատակի համար ընտրում եմ նրանց, ովքեր քիչ են գնահատված աշխարհի աչքին, քանզի նրանք չեն պարծենում իրենց սեփական իմաստությամբ կամ կարողությամբ, այլ ամբողջովին ինձ են ապավինում և իրենց ունեցած փոքր ունակությունը մեծ արժեք չհամարելով՝ նվիրում են ամենը, ինչ ունեն, և իմ գործին են նվիրվում ի սեր մարդկանց: Օրինակ, երբ ես ամայի վայրում հինգ հազար մարդկանց կերակրեցի հինգ հացով և երկու ձկով, դու կհիշես, որ ես այդ հրաշքն իմ աշակերտների օգնությամբ չկատարեցի, որովհետև նրանք լի էին կասկածով ու շփոթվածությամբ և ուզում էին բազմությանը քաղցած ուղարկել: Իմ ծառան այդ դեպքում փոքրիկ տղան էր, որին ես բուժել էի կաթվածահարությունից: Իմ խոսքերը լսելու փափագով լցված՝ նա որոշեց հետևել ինձ: Նրա խեղճ մայրը շորի մեջ մի քանի գարեհաց ու չորացրած ձուկ էր փաթաթել, որը բավարար էր երկու կամ երեք օրվա ճամփորդության համար: Երբ բազմությանը կերակրելու համար հարցուփորձ արվեց, այդ հավատարիմ փոքրիկ տղան միանգամից բերեց իր ամբողջ ունեցածն ու դրեց աշակերտների ոտքերի մոտ: Թեև այնտեղ ունևոր մարդիկ կային, որոնք իրենց հետ ավելի լավ սնունդ ունեին, ինչպես օրինակ՝ ցորենի թխվածքներ, նրանք պատրաստ չէին հրաժարվելու դրանցից: Այսպիսով, այդ տղայի՝ իմ անվանակցի գարեհացերի շնորհիվ էր, որ իմ օրհնությամբ բազմությունը կերակրվեց լավագույն սնունդով:
7. Շատերը երախտագիտության պակասն այնքան ունեն, որ ինչպիսի օրհնություններ էլ շնորհվեն նրանց, անգամ եթե հրաշքներ կատարվեն իրենց օգտին, նրանք շարունակում են մնալ անգոհ ու անշնորհակալ: Նման մարդիկ չեն կարող երբևէ ներգրավվել ուրիշներին ծառայելու և երջանկացնելու համար, այլ նման են այն մարդուն, որին ես բուժեցի երեսունութ տարվա անբուժելի հիվանդությունից: Երախտապարտ լինելու և ինձ հավատալու փոխարեն նա նույնիսկ չջանաց հիշել իմ անունը: Նման մարդկանցից աշխարհը որևէ բարիք չի կարող ակնկալել. դա գալիս է միայն նրանցից, ովքեր աղքատ այրի կնոջ նման պատրաստ են հրաժարվելու այն ամենից, ինչ ունեն, նույնիսկ իրենց ողջ ապրուստից:
8. Ճշմարիտ ծառայության և պարտքի կատարման համար իմ ծառաները պետք է պատրաստ լինեն նույնիսկ իրենց կյանքը տալու՝ այն հավատարիմ զինվորի նման, որը մնաց իր դիրքում՝ սառնամանիքի ու տեղացող ձյան մեջ, մինչև սառեց մահվան աստիճան, թեև պահակախմբից մյուսները գնացին կրակի մոտ տաքանալու: Երբ թագավորը եկավ ու տեսավ նրան անշարժ ու հավատարիմ կանգնած անգամ մահացած վիճակում, հանեց իր թագը և որոշ ժամանակ դրեց նրա գլխին՝ ասելով. «Այսպիսի հավատարիվ զինվորն ու ծառան արժանի է իմ խույրի պատվին և փառքին: Եթե նա ողջ մնար, իմ թագավորության գլուխը կդարձնեի»: Իմ հավատարիմ ծառաներն այդպիսին պետք է լինեն այն ծառայության մեջ, որին ես կոչում եմ նրանց, և ովքեր իրենց գործը նման հավատարմությամբ ու արիությամբ են ավարտին հասցնում, նրանց կշնորհեմ հավիտենական թագավորության անխամրելի թագը:
9. Շատերը վատնել են իմ ծառայության համար իրենց տրված թանկագին ժամանակը, բայց նույնիսկ նրանց համար կա հնարավորություն՝ սթափվելու և լավագույն ձևով օգտագործելու իրենց մնացած ժամանակը: Նրանք նման են այն որսորդին, որը ջունգլիում թափառելիս մի քանի գեղեցիկ քար հավաքեց գետի ափից: Դրանց արժեքից անտեղյակ՝ մեկը մյուսի հետևից դրեց իր պարսատիկում՝ խփելու գետի մոտի ծառերին նստած թռչուններին: Այդպես քարերը մեկ առ մեկ ջուրն ընկան ու կորան: Մեկը դեռ իր ձեռքում՝ վերադարձավ քաղաք և քանի որ շուկայի մոտով էր անցնում, ակնագործը նկատեց այն ու անմիտ մարդուն ասաց, որ դա արժեքավոր ադամանդ է, որի համար նա կարող է հազարավոր ռուփիներ ստանալ: Դա լսելով՝ որսորդն սկսեց ողբալ իր անձն ու ասել. «Վա՜յ ինձ: Ես չգիտեի այդ քարերի արժեքը և դրանցից շատերն օգտագործել եմ գետափնյա թռչուններին խփելու համար. ադամանդներն էլ ընկել են գետի մեջ ու կորել, այնինչ ես միլիոնատե՜ր կարող էի լինել: Այնուամենայնիվ այս մեկը պահել եմ, և այն շահած բան է»: Յուրաքանչյուր օրը նման է թանկարժեք ադամանդի: Եվ չնայած բազում անգին օրեր են վատնվել՝ հետամուտ լինելով անցողիկ հաճույքներին, ու ընդմիշտ սուզված են անցյալի խորքերում, դուք պետք է գիտակցեք արժեքը նրա, ինչ մնում է, և հնարավորինս գործի դնելով՝ ձեզ համար հոգևոր գանձեր ամբարեք: Օգտագործե՛ք այն իմ ծառայության մեջ, ով ձեզ կյանք է տվել ու դրա բոլոր անգին բարիքները, և ուրիշներին մեղքից ու մահվանից փրկելու համար գործի դնելով դրանք՝ դուք հավիտենական, երկնային պարգև կստանաք:
(շարունակելի)


Անգլերենից թարգմանեց
Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆԸ
Նկարիչ` Մայիս ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1883

Մեկնաբանություններ